ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հեզաբե՞լ, թե՞ Մարիամ Աստվածածին

Հեզաբե՞լ, թե՞ Մարիամ Աստվածածին
18.08.2024 | 22:09

Ժամանակակից մարդը չգիտես ինչու ավելի հակված է ենթադրել, որ ինքն ու դարեր առաջ ապրած իր նախնիները խիստ տարբերվում են իրենց ընդունակություններով և ընկալումներով, ուստի նաև պահանջները բնությունից և հասարակությունից նույնպես պետք է տարբեր լինեն: Մոռանում ենք, որ մեր բոլորի ՏԵՐԸ հիշեցնում է. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթեոս, 5:17) և որ «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիներին, 13:8) ու ՆՐԱ սահմանած պատվիրաններն ու պահանջներն էլ մարդկության հանդեպ, ոչ ոքի վերապահված չէ վերանայել ու խմբագրել:
Անխախտելի են ՆՐԱ սահմանած օրենքները և մենք մեր մարդկային դատողությամբ, տրամաբանությամբ ու կամքով չենք կարող դրանք փոխել։ Ի վերջո, երբ հայտնվենք ՆՐԱ առջև չենք կարողանալու արդարանալ և ԻՐԵՆ էլ մեղադրել, թե ՆՐԱ օրենքներն իրենց դարն ապրել են ու հնացել:
18-20-րդ դարերում թափ հավաքած և մեր օրերում ուժգնացած բոլոր այսպես կոչված առաջադիմական շարժումները հանգեցրին նրան, որ այսօր այլևս չկա տարաբաժանում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու պարտականությունների միջև:
Ավանդապահ ու արժանապատիվ հայ տղամարդու կողքին դարերի ընթացքում միշտ ներկա է եղել նվիրյալ ու բարեպաշտ մայրը, քույրը, դուստրն ու ամուսինը, ընտանեկան օջախը վառ պահող, Աստվածային շնորհներով լի հայ կինը՝ իր անգնահատելի նվիրումով, քրիստոնեական հեզությամբ, խոնահությամբ, իր կանացի գեղեցկության անբաժանելի բաղկացուցիչը հանդիսացող համեստությամբ:
Այսպես է ասում ՏԵՐԸ.
«Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժվելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքավում»։
Դրա համար էլ ԱՍՏՎԱԾ պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը ՏԷՐԸ պսակազերծ պիտի անի նրանց (ԵՍԱՅԻ, 3:16-17):
Չարը մշտապես իր ողջ դիվական զորությամբ ու հնարամտությամբ գործելով, գայթակղության մեջ է գցում ամեն մարդու և առաջին հերթին կնոջը, ինչպես եղավ Եվայի հետ: Բանը հասել է այնտեղ, որ նրանց մտածողությունը սատանայի կողմից խեղաթյուրվելով, մոռանալով իրենց կանացիության մասին, այն ամենը, ինչ տասնամյակներ առաջ գնահատվում էր որպես բարձր ճաշակի, ներդաշնակության և գեղեցկության արտահայտություն, այսօր արդեն ընկալվում ու համարվում է որպես հետամնացության դրսևորում և հակառակը՝ այսպես կոչված մոդային տուրք տալով, այն ամենը, ինչը նախկինում գռեհկություն ու փնթիություն կարող էր համարվել, այսօր գնահատվում է որպես գեղեցկություն:
Եթե պատառոտված, կեղտոտ, կարկատած, ծվեն-ծվեն եղած հագուստ կրելն ուղղակի ամոթ էր և առնվազն խայտառակություն, այսօր ընդունվում է որպես պատշաճություն: Կարծես ինչ-որ խիստ կեղտոտ գործ կատարող հնոցապան բանվորուհիներ են կամ էլ բոլորը պատրաստվում են մեկնել չափազանց դժվարանցանելի տուրիստական արշավի: Նրանց ծնողների երտասարդության տարիներին բոլոր աղջիկներն ու կանայք զուգվում, հարդարվում ու հագնվում էին այնպես, որ իրենք լինեին բացառիկ, եզակի, յուրովի, ինքնատիպ և, որպեսզի իրենց հագուստն ու սանրվածքը ուրիշները չունենային: Այսօր լրիվ դրա հակառակն է, բոլորը նման են մեկ մեկու, նույն ճղճղված ջինսերը, նույն սպորտային կոշիկներն ու ուսապարկերը, նույն տրիկոները, որոնք նախկինում կանայք կրում էին միայն որպես նեքնաշոր, նույն բաճկոնները, նույն բաց պորտերը, նույն արդուկած մազերը, Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտֆիլմի մեջ երգող ձկների ուռճացրած շուրթերը, սղոցած ու խարտած քթերը:
Չէ՞ որ ժամանակին ոչ մի կին կամ տղամարդ չդիմեց ՀԻՍՈՒՍԻՆ, թե ինչ կլինի կարճացրու կամ տաշիր իմ քիթը կամ շուրթերս հաստացրու, դրանք ինձ խանգարում են, որ ավելի գեղեցիկ երևամ:
Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ մի՛ արեք: Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք(Ղևտական, 19:28):
Եթե նախկինում դաջվածք կրել իրենց արտոնում էին միայն որոշակի հանցավոր կյանք վարող տղամարդիկ, այն էլ հիմնականում մարմնի հագուստով ծածկված հատվածներում, այսօր դա լայնորեն իրենց թույլ են տալիս հենց կանայք: Կարծես մրցակցության մեջ են մտել միմյանց հետ, թե ով ավելի խայտաբղետ ու առավել շատ ի ցույց կդնի այդպիսի կենդանագիր պատկերներով նախշված իրենց մարմինների ինտիմ տեղերը:
Անամոթությունն ու ցինիզմն անցել է պարկեշտության ամեն սահման:
Գուցե հետագայում էլ նրանցից ոմանք մայրանան ու իրենց երեխաներին էլ այդպիսի պատկերներով զարմացնեն ու հիացնեն: Հպարտ ու դուխով ներկայանալու մոլուցքը կլանել ու սանձարձակության է մղել շատերին։
Կինն այլևս չի ձգտում կանացի լինել, այլ մեկը մյուսին գերազանցելով մրցում են միմյանց հետ՝ թե՛ գեր, թե՛ նիհար, առավել ընդգծված լոթիներ ներկայանալու համար։
ՈՒ՞ր են նայում նրանց կողքին գտնվող տղամարդիկ՝ հայրերը, եղբայրները, ամուսինները, ընկերները:
Ավա՜ղ որոշակի դեպքերում հենց նրանք են հանդիսանում այդ ամենի ընդունողները, դրդողներն ու ողջունողները:
Նախկին պատվախնդիր և սկզբունքային հայ տղամարդը վեր է ածվել հարմարվող, համակերպվող, հանդուրժող ու թուլակամ՝ այսպես կոչված հասարակության անդամի։ ԱՍՏՎԱԾ մի արասցե, որ այս ամենաթողության հետևանքով մեզ նոր պատուհասներ վրա գան:
Լեռների գլխին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախիի ու բեվեկնու տակ, խնկարկում են նրանց հաճելի ստվերի ներքո, դրա համար էլ ձեր դուստրերը պոռնկանում և ձեր հարսները շնանում են: ԵՍ չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, ո՛չ էլ ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում և զոհ էին մատուցում մեհյաններին նվիրվածների հետ, իսկ խավարամիտ ժողովուրդը կործանվում է (Օսեե, 4:13-14):
Երբ դիվական գայթակղությունների ազդեցությամբ տղամարդն ընկնում է ԱՍՏԾՈՒՑ իր համար նախասահմանված դիրքից ու հեռանում ի վերուստ իր վրա դրված պարտականություններից, օրինակ՝ Դրախտում պատահած անցքերը, ապա դրա արդյունքում անկում է ունենում, շեղվում է նրա կողքին գտնվող կինը՝ տրվելով գայթակղություններին ու մոլորություններին:
Եվ քո արարքների պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարեն՝ չվան գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։
Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն։ Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնվեն սգի, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետին (ԵՍԱՅԻ, 3:24-26):
Բոլորը, ովքեր համաձայն չեն ՏԻՐՈՋ ստեղծագործության հետ ձեռնարկում են իրենց ճաշակին համապատասխան խմբագրումների ու փոփոխությունների, ինչու չէ նաև որոշակի նորամուծությունների, հայտարարելով, թե իմ մարմինն է ինչ ուզեմ այն էլ կանեմ, ո՞վ իրավունք ունի ինձ խանգարելու: Սրանց ցինիզմի համար է ասված նաև այս խոսքերը. «ԱՍՏԾՈՒՑ չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս, 18:2):
ԱՍՏԾՈՒ Արարչության հետ անհամաձայնության մասին կա այսպիսի մի հումոր. հարց է տրվում, թե ինչո՞ւ ՏԵՐԸ սկզբում ստեղծեց Ադամին և հետո նոր Եվային, պատասխանը լինում է, որովհետև հակառակ դեպքում Եվան անտանելիորեն կձանձրացներ ու կհոգնեցներ ՏԻՐՈՋԸ՝ իր «հեղինակավոր ու կարևոր» խորհուրդներով, ուղղումներով և առաջարկներով:
Իզուր չէ, որ եկեղեցիներում պսակադրության արարողության ժամանակ քահանաները տղամարդուն հարցնում են. «տե՞ր ես», իսկ կնոջը՝ «հնազա՞նդ ես» և երբ այրը տեր չի կարողանում լինել, կինն էլ դառնում է անհնազանդ: Սուրբ Գիրքն էլ Առաքյալի բերանով պատգամում է, և դա բոլոր ժամանակների համար է.
ՈՒզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության։ Նույնպես և կանայք, համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն. ոչ թե մարգարտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։
Կին արարածը թող ուսանի լռությամբ, կատարյալ հնազանդությամբ։ Եվ ես թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խոսքով իշխի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա, որովհետև նախ Ադամը ստեղծվեց և ապա՝ Եվան։ Եվ Ադա՛մը չխաբվեց, այլ կի՛նը խաբվեց և հանցանք գործեց։ Բայց նա պիտի ապրի որդեծնության համար, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ (Ա ՏԻՄՈԹԵՈՍ, 2:8-15):
Դարձյալ ու դարձյալ պետք է շեշտել, որ այս ամենը մեր ընդհանուր հոգևոր և բարոյական անկման հետևանքով է և որ իրավիճակը շտկելու գործի մեջ առավելագույն բաժինը վերապահված է հենց եկեղեցուն, որպես ուսուցիչներ ու հովիվներ հանդիսացող հոգևոր դասին:
Ցավոք, հենց եկեղեցիներում կեղծ հանդուրժողականության արդյունքում մարդիկ մատերի արանքով են նայում նման երևույթներին, երբ ոմանք հենց եկեղեցու մեջ գայթակղություն են դառնում շատերի համար:
Եվ ամեն կին, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը. որովհետև այնպես է համարվում, թե իբր գլուխն ածիլված լինի. քանզի, եթե կինը քողով չի ծածկվում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե ամոթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քողով ծածկվի (Ա Կորնթացիներին, 11։5-6)։
Արտառոց է, երբ այսպես կոչված հավատացյալ հայ կինը եկեղեցի է մտնում բարեպաշտորեն գլուխը գլխաշորով ծածկած, միաժամանկ մասնակի կամ լիովին բացած ուսերից ներքև գտնվող իր մնացած բարեմասնությունները։ Մի՞թե կանանց համար առաքյալի ասածից կարելի է եզրակացնել, թե գլուխները ծածկել նշանակում է, որ գլխից ներքև մնացածը կարելի է բացել։
Այսպիսի հանդուրժողականությունն էլ մարդահաճության իրական ու մասնակի դրսևորումներից մեկն է:
Ինչպես որ է ԱՍՏԾՈ բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետև թույլատրված չէ նրանց խոսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպես օրենքն էլ ասում է: Իսկ եթե ուզեն մի բան սովորել, թող տանը իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խոսել եկեղեցում: Մի՞թե ձեզնից ելավ ԱՍՏԾՈ խոսքը և կամ թե միայն ձեզ հասավ (Ա Կորնթացիներին, 14:34-36):
Կանանց համար կա այլընտրանքի հնարավորություն՝ կամ նմանվել գայթակղվող ու գայթակղության մեջ գցող Եվային և նույնիսկ առավել վատ՝ կռապաշտ կախարդուհի Հեզաբելին (Գ Թագավորություններ, 16-18) կամ էլ ձգտել ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ծնող ու խնամող Սուրբ Մարիամ Աստվածածնին և մասնակից լինել փրկության խորհրդին, քանի որ կնոջ շնորհիվ կարող է փրկվել նրա կողքին գտնվող տղամարդը, ինչպես ասում է Առաքյալը.
Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազանդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց վարքի շնորհիվ և առանց խոսքի իսկ շահված լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ վարքը՝ լի երկյուղածությամբ: Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն ԱՍՏԾՈՒ առաջ առավել աժեքավոր է (Ա Պետրոս, 3:1-4):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ